>

«Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք ուղղակի չեն կարող լինել». Փաշինյանը Քոչարյանի վերադարձի մասին


Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք ուղղակի չեն կարող լինել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք իրեն չի մտահոգում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը քաղաքականություն վերադառնալու մասին։

«Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք ուղղակի չեն կարող լինել։ Դուք ինչի՞ եք ինձ հարցնում, դուրս եկեք փողոց և մարդկանց հարցրեք ու տեսեք ոնց են իրենք վերադառնում։ Ես չեմ այդ կապակցությամբ որոշումներ կայացնողը, ժողովուրդն է այդ կապակցությամբ որոշումներ կայացնողը, և կարծում եմ այդ հարցերը պետք է ուղղեք ժողովրդին։ Չնայած չեմ կարծում, թե ինչ կլսեք, արժանի կլինի եթեր հեռարձակել», — ասաց վարչապետը։

Օրերսը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով հարցին՝ վերադառնու՞մ է քաղաքականություն, թե ոչ, երկրորդ նախագահը հայտարարել էր․ — «Համարեք, որ վերադարձել եմ»:

«Հակահեղափոխության ռիսկ չկա»
Փաշինյանն այսօր նաև հայտարարեց՝ հակահեղափոխության ռիսկ ընդհանրապես չկա։


«Մենք ասում ենք, որ պետք չէ ժողովրդին դնել իրավիճակի մեջ, որ մենք նորից ստիպված լինել հեղափոխություն անել, կամ հեղափոխության հաջորդ փուլն անել։ Մենք առաջարկում ենք, և հանրապետության հրապարակի անունից եմ առաջարկում, և կարծում եմ, որ բոլորդ էլ արձանագրել եք, որ տեղի է ունեցել երրորդ Հանրապետության պատմության ամենաբազմամարդ հանրահավաքը, որը նույնիսկ ավելի բազմամարդ է եղել, քան թավշյա հեղափոխության ամենաբազմամարդ հանրահավաքը, մենք ուղղակի ասում ենք՝ պետք չէ այսպես փորձեր քաղաքական ինտրիգներով կասկածի տակ դնել այսօրվա իրողությունները», — ասաց վարչապետը՝ շարունակելով. — «Ես իշխանության չեմ, իշխանության ժողովուրդն է և ես չեմ ուզում, որ ժողովուրդն ապացուցի, թե ով է երկրում իշխանություն»։

dim66.ru

«Երկիր Մեդիայի» հետ զրույցում Քոչարյանը նաև նշել էր, որ իրեն փորձելու են հայտարարել հակահեղափոխության կենտրոն։

«Կարծում եմ, որ անպայման փորձելու են ինձ հայտարարել, միգուցե այս միտինգում ինձ արդեն կհայտարարեն, հակահեղափոխության կենտրոն, ինչը բացարձակապես իրականությանը չի համապատասխանելու։ Բայց սա է այս լոզունգներով շարժվելու տարբերակը, և, գիտեք, մարդկանց վերջը պետք է զբաղեցնեն, նոր թիրախ տան, նոր մոբլիզացնող ուժ հաղորդեն, որովհետև այլ բան մոբիլիզացնող չկա», — ասել էր պաշտոնաթող նախագահը։

​Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:


Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

(Visited 36 times, 1 visits today)